Ինչքան խելոք է մեր նախագահը, որ արյուն չի թափվում. Հակոբ Հակոբյանը՝ Էրեբունիի դեպքերի մասին
INTERVIEW
Մինչ Հանրապետական ներկայիս պատգամավորները չեն պատասխանում լրագրողների հարցերին, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Past.am-ի հետ զրույցում անդրադարձ է կատարել Էրեբունիի դեպքերին: Նա կարծում է, որ այսօրվա իշխանությունը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, արյունահեղություն չի ուզում:
Ըստ Հակոբյանի՝ լավ կլինի, որ հասարակությունն ինքը դատի, թե որքանով են ճիշտ «Սասնա ծռեր» խմբավորման պահանջները: Մեր այն հարցին, թե որքանով են դրանք ճիշտ, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իրենք ավելի լավ կբացատրեն իրենց պահանջները»:
Պայքարի մեթոդի մասին մեր զրուցակիցն ասաց. «Սահմանադրության մեջ էլ կա կետ, չէ՞, որ պետք է այնպես աշխատի իշխանությունը, որպեսզի մարդիկ այլ միջոցների չդիմեն: Հիմա ես չեմ կարող ասել՝ իրենց դիմած միջոցը հարյուր տոկոս ճի՞շտ ա, թե՞ ճիշտ չի: Ամեն մարդ ունի իր գաղափարը և մոտեցումը»: Հակոբյանի խոսքով՝ մեր իշխանությունն ապացուցում է, որ ժողովրդավար է:
«Կարող էին գրոհել, կրակել, այդ ժամանակ երկու կողմից կլինեին զոհեր: Նախագահը դողում է քաղաքացու համար: Իր վարած քաղաքականությունը գովեստի է արժանի: Դա կմտնի պատմության մեջ: Ամերիկայում ոստիկանը հանում ու կրակում է, երբ իր պահանջը չես կատարում: Դուք տեսեք՝ ինչքան խելոք է մեր նախագահը, որ արյուն չի թափվում: Ես կհամարեմ մեր քաղաքականության հաղթանակը, եթե առանց արյունահեղության գտնեն ձևը: Ու թող դա լինի սկզբը»,- նշեց նա:
Լևոն Փանոսյան




















































