Բռնությունը քաղաքական փոփոխությունների միջոց չէ. ԱՄՆ պետդեպը` Երևանի դեպքերի մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղարությունը խստորեն դատապարտում է բռնության օգտագործումը որպես քաղաքական փոփոխությունների միջոց ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները:
Թոները ցավակցություններ է հայտնել «կիրակի Երևանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված և վիրավորված ոստիկանների ընտանիքներին»:
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին իրավիճակը կարգավորել համապատասխան զսպվածությամբ»,- նշել է Թոները:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը,Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան:



