Հանձնաժողովն ամփոփել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տարբերանշանի մրցույթի արդյունքները
SOCIETYԱրցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի համանախագահ Աշոտ Ղուլյանը: Հանձնաժողովի անդամները տեղեկություններ են ներկայացրել տոնական միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի և հետագա անելիքների մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, նիստին ամփոփվել են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տարբերանշանի (խորհրդանիշի) համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Պետական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման հարցերով եւ առաջարկություններ են ներկայացրել դրանց տեխնիկական ու ֆինանսական ապահովման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստությունները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար:



