Գյուլենի հարցազրույցի պատճառով ադրբեջանական ANS-ի վրա ամպեր են կուտակվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի հեռուստա-ռադիոհեռարձակման ազգային խորհուրդը տեղեկություն է հրապարակել ANS հեռուստալիքի հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ:
Խորհրդում ԱՊԱ-ին հաղորդել են, որ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գնահատում են որպես հանցագործություն՝ ուղղված թուրքական պետականության, թուրք ժողովրդի, նրա կամքի ընտրության դեմ: Սակայն հեռուստաալիքն «Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ եղբայրության եւ ռազմավարական գործընկերության ոգուն հակասող դիրքորոշում է զբաղեցրել՝ թուրքական պետության եւ կառավարության դեմ քարոզչություն իրականացնելով, սատարելո Թուրքիայում հեղաշրջումը կազմակերպած Ֆեթուլլահ Գյուլենին»:
«Թուրքական իշխանությունները, Ադրբեջանում այդ երկրի դեսպանությունը խորը մտահոգություն են հայտնել այդ առիթով՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Հաշվի առնելով Ադրբեջանի գլխավոր դատախազության եւ Հեռուստա-ռադիոհեռարձակման ազգային խորհրդի դիմումը, նպատակ ունենալով կանխել սադրանքը՝ ուղղված Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական հարաբերությունների խզմանը, որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ANS հեռուստաալիքի հեռարձակումը:
Հեռուստա-ռադիոհեռարձակման ազգային խորհուրդը դիմելու է դատարան՝ ANS-ի հակաօրինական գործունեության առիթով, եւ վերջնական որոշումը կայացնելու է դատարանը»,- ասված է հաղորդագրությունում:



