Դասական երաժշտության համերգ Երեւանում՝ ապրիլին զոհված եւ վիրավորված զինվորների ընտանիքներին օգնելու նպատակով
INTERVIEW
Օրերս Երեւանի The club ակումբում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ողջ հասույթն ուղղվեց ապրիլյան պատերազմում զոհված եւ վիրավորված զինվորների ընտանիքներին:
Համերգը կազմակերպել էին Լոս Անջելեսից ժամանած մեր հայրենակիցները, ովքեր իրենց քաղաքում կազմակերպված համերգի ընթացքում ավելի քան 4000 ԱՄՆ դոլար էին հավաքել զինվորների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Առաջին համերգին, որը տեղի էր ունեցել հունիսի 14-ին, մասնակցել էր հինգ երաժիշտ՝ Շուշան Հակոբյան (դաշնամուր), Սվետլանա Հովհաննիսյան (ջութակ), Ռուբեն Ագիյան (ջութակ), Վաղարշ Մարտիրոսյան (բաս) եւ Մարիաննա Սարգսյան (սոպրանո): Հենց այդ համերգի ժամանակ էլ հավաքվել էր 4125 դոլար՝ գրեթե երկու միլիոն դրամ: Արդեն երկրորդ համերգին, որը տեղի ունեցավ մայրաքաղաքում, կարողացան մասնակցել միայն Շուշանը, Սվետլանան եւ Ռուբենը:Երևանյան համերգի ընթացքում 700 ԱՄՆ դոլար են հավաքել:
Այս համերգին նրանց էր միացել Իրինա Զաքյանը (սոպրանո): Ծրագրում հնչեցին Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ֆրից Քրայսլեր, Գերշվին, Ռախմանինով:
Հնչեցին նաեւ Ռուբեն Ագիյանի՝ երիտասարդ կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունները Շուշան Հակոբյանի կատարմամբ, իսկ ամենավերջում հնչեցին Ֆրոլովի ստեղծագործությունները՝ գրված երկու ջութակի եւ դաշնամուրի համար:
Համերգից հետո Past.am-ը զրուցեց նախաձեռնության հեղինակ Շուշան Հակոբյանի հետ:
- Ինչպե՞ս ծնվեց Արցախյան քառօրյա պատերազմում զոհված եւ վիրավորված զինվորների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով համերգներ տալու գաղափարը:
- Երբ սկսվեց պատերազմը, մենք շատ ընկճված էինք: Երբ սկսեցինք լուրեր լսել զինվորների կորուստների մասին, ինձ մոտ ծնվեց այն միտքը, որ պետք է իմ շուրջը համախմբեմ երաժիշտ ընկերներիս եւ բարեգործական համերգներ տալով գումար հավաքենք:
Հարցին, թե նախկինում եւս այս կազմով միասին հանդես եկե՞լ են, թե՞ համախմբվել էին միայն հանգանակության նպատակով, Շուշանը պատասխանեց՝ այո՛, միասին նվագելու առիթներ շատ են եղել:
Երեւանյան ակումբում կայացած համերգին նույնպես որոշակի գումար հավաքվեց, որն այն երկու միլիոն դրամի հետ հավասարապես հատկացվեց ապրիլյան պատերազմում զոհված զինվորներ Րաֆֆի Հակոբյանի, Միշա Աղաջանյանի, Քյարամ Սլոյանի եւ նույն պատերազմում վիրավորված զինվորներ Գեւորգ Խուդոյանի եւ Յուրիկ Ավագյանի ընտանիքներին:
Ինչպես Շուշանն է տեղեկացնում, ընտրությունը կատարվել է Աշտարակի զինկոմիսարիատի տվյալների հիման վրա: «Հայրս՝ Ռուդիկ Հակոբյանը, մեծ ներդրում ունեցավ բոլոր կազմակերպչական հարցերում՝ այցելեցինք Արագածոտնի մարզի Արտաշավան, Նազրվան, Վարդաբլուր, Կարմրաշեն եւ Պարտիզակ գյուղերը»,- հավելեց նա:
Շուշանը նաև ընդգծեց, որ իրենց այցելած այդ հինգ գյուղերից իր համար առանձնահատուկ էր Պարտիզակի գյուղապետ Լյովա Ավագյանի վերաբերմունքը վիրավոր զինվորի նկատմամբ:
«Պարզապես լավ մարդ եւ լավ ղեկավար»,- նշեց մեր զրուցակիցը:
Նկարում՝ վիրավորված զինվոր Յուրիկ Ավագյանի ընտանիքի հետ են:




















































