Հեղաշրջման փորձին մասնակցելու հիմնավորմամբ ձերբակալվել է Քուվեյթում Թուրքիայի ռազմական կցորդը
INTERNATIONAL NEWSՔուվեյթում Թուրքիայի ռազմական կցորդը Եվրոպա մեկնելու ճանապարհին ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկում: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya Channel-ը:
Պաշտոնական Անկարան ռազմական դիվանագետին ներառել էր փնտրվողների ցուցակում երկրում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկելու գործում ներգրավված լինելու մեղադրանքով:
«Սաուդի» լրատվական գործակալությունը հայտնել է, որ թագավոր Սալման բին Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել է նրան երկրում բնականոն կյանքի վերականգնման առնչությամբ:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Կատարվածից հետո ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ:
Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։



