Դատավորը 20 հազար դոլար է պահանջել
SOCIETYԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ դատավորի կողմից քսան հազար դոլարի չափով կաշառք վերցնելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատավական համակարգից՝ Խաչատուր Խաչատրյանը 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնում էր ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը՝ հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ:
Նախկին դատավորին մեղադրանք է առաջադրվում այն բանի համար, որ նա Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել եւ 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9 միլիոն 186 հազար դրամին համարժեք քսան հազար ԱՄՆ դոլար կաշառք:
Այժմ նա գտնվում է «Երեւան կենտրոն» Քրեակատարողական հիմնարկում եւ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի(կաշառք ստանալ) չորրոդ մասի երկրորդ եւ երրորդ կետերի հատկանիշներով: Ինչը նախատեսում է յոթից տասներկու տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նշենք, որ քրեական գործին որպես իրեղեն ապացույց է կցվել քսան հազար ԱՄՆ դոլարը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



