«Հայկական վերածնունդը» կոչ է անում բավարարել ապստամբների պահանջները
SOCIETY«Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունն Երեւանում տեղի ունեցող ամպսատմբության վերաբերյալ հետեւյալ հաղորդագրություն է տարածել.
«Մենք խիստ մտահոգված ենք ոստիկանության Էրեբունի բաժնում ստեղծված զինված հակամարտության կապակցությամբ: Ցավում ենք մարդկային զոհի եւ վիրավորների համար: Գտնում ենք, որ ստեղծված ծայրահեղ իրավիճակի պատասխանատվությունը ընկնում է ապօրինի իշխանությունների վրա, քանի որ նրանք հենց իրենք են բռնազավթել ժողովրդի իշխանությունը եւ հետեւողականորեն վարել ժողովրդին հարստահարելու քաղաքականություն՝ ազգաբնակչությանը հասցնելով այն աստիճանի, որ շատերը այլ ելք չեն տեսնում, քան զինված ապստամբություն»:
Ըստ նրանց՝ առավել վտանգավոր է վերջին շրջանում Սերժ Սարգսյանի՝ փակ դռների ետեւում վարած պարտվողական արտաքին քաղաքականությունը, որտեղ քննարկվում են ազատագրված տարածքները հանձնելու հարցը, որն ուղեկցվում է այդ քաղաքականության դեմ արտահայտվողներին լռեցնելով եւ քաղաքական հալածանքներով: «Բնական է, որ այս ազգակործան վարքագիծը չէր կարող անտարբեր թողնել ազգի ճակատագրով մտահոգված մարդկանց: Ապստամբության ղեկավարների թվում են ժողովրդի կողմից սիրված արցախյան ազատամարտի հերոսներ եւ մարդիկ, որոնք մինչ այս զբաղված են եղել հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նրանք, այլ ելք չգտնելով, դիմել են այս ծայրահեղ քայլին:
Սակայն իշխանությունները նրանց ներկայացնում եմ որպես մի խումբ մարդասպաններ՝ իրենց սովորության համաձայն խեղաթյուրելով իրականությունը եւ փորձում են ներկայացնել ապստամբությունը՝ որպես հանցավոր հարձակում: Ակնհայտ է, որ սա բնական ժողովրդական պոռթկում է, որի միակ դրական հանգուցալուծումը ժողովրդի պահանջները բավարարելն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջիններս իշխանություններին կոչ են անում եւ պահանջում դրսեւորել զսպվածություն, զերծ մնալ բռնությունից, բավարարել ապստամբների օրինական պահանջները՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ ձեռնամուխ լինել արտահերթ ընտրություններ կազմակերպելուն: «Հակառակ դեպքում ժողովրդական պոռթկումները շարունակվելու են եւ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ պետք է դիմեն զինված միջոցների՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակով: Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում չվախենալ ռեժիմի ճնշումներից, դուրս գալ փողոց եւ խաղաղ կամարտահայտության միջոցով սատարել ապստամբների օրինական պահանջները եւ հասնել խաղաղ հանգուցալուծման»,- հայտնում են նրանք:
Նշենք, որ «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ:



