Պետական հեղաշրջման տապալված փորձին հաջորդած գիշերը Ստամբուլում հանգիստ է անցել
INTERNATIONAL NEWSՊետական հեղաշրջման տապալված փորձին հաջորդած գիշերը Ստամբուլում համեմատաբար հանգիստ է անցել` առանց որևէ միջադեպերի, ինչի մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով Ստամբուլի կենտրոնական թաղամասում ծառայություն իրականացնող իրավապահներին:
Վերջինները մանրամասնել են, որ իրավիճակը հանգիստ է եղել նաև քաղաքի մյուս թաղամասերում, որտեղից տագնապի որևէ ազդանշան չի ստացվել:
«Մարդիկ հանդես են եկել խաղաղ ելույթներով, և մեծամասնությունը դրական է տրամադրված եղել: Դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ոչ ցանկալի հետևանքներից»,-նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
Աղբյուրը հավելում է, որ ներկայում Էրդողանի աջակիցների մի մասը շարունակում է քաղաքով երթևեկել մեքենաներով ու մոտոցիկլետներով` վանկարկելով իշխանամետ կարգախոսեր: Մինչդեռ Թաքսիմ հրապարակը շարունակում է մարդաշատ մնալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է մոտ 3.000 մարդ, որոնց մեջ կան բարձրաստիճան զինծառայողներ, իսկ զոհերի թիվը հասել է 265-ի, որից 104-ը ապստամբներ են:



