Գեղեցիկ մազեր ունենալը յուրաքանչյուր կնոջ համար հպարտություն է, իսկ դրանց գեղեցիկ տեսք հաղորդելու համար հարկավոր է ճիշտ խնամք իրականացնել:
Մազերի խնամքի վերաբերյալ Life.panorama.am-ի հետ զրույցում իր մասնագիտական խորհուրդներն է տվել «Aga Kankanyan» իմիջ կենտրոնի ոճաբան-վարսահարդար Սվետլանա Գասպարյանը:

«Իհարկե, գոյություն ունեն հազարավոր պատրաստի դիմակներ, սակայն շատ արդյունավետ են գործում տնային պայմաններում պատրաստված միջոցները, որոնց կազմում կլինեն բուսական մթերքներ: Ի դեպ՝ նկատեմ, որ հատապես ներկած մազերի դեպքում խնամքը խիստ կարեւոր է, քանի որ հատկապես բաց երանգներ ստանալու ժամանակ մազերը կարող են խորապես վնասվել»,- նշեց վարսահարդարն ու մի քանի բաղադրատոմսեր առաջարկեց, որոնք տնային պայմաններում բավականին հեշտ պատրաստելի են.
«Կառաջարկեմ մի բաղադրատոմս, որի արդյունքում մազարմատներն ամրանում են, իսկ մազերը փայլում են ողջ երկայնքով: Եվ այսպես՝ երկու թեյի գդալ մեղրի վրա լցնում ենք երկու թեյի գդալ կռատուկի յուղ (репейное масло): Մանրակրկիտ խառնում ենք մինչեւ դառնա միատարր զանգված: Ստացված զանգվածին ավելացնում ենք երկու դեղնուց եւ կրկին խառնում: Հարկավոր է դիմակը քսել գլխի մաշկին, պարտադիր չէ այն քսել մազերի ամբողջ երկայնքով: Այդպես թողնում ենք քառասուն րոպե, իսկ հետո լվանում տաք ջրով եւ շամպունով: Դիմակը պետք է կիրառել շաբաթական 1-2 անգամ, բուժման ցիկլի տևողությունը՝ 2-3 ամիս»,- նշեց մասնագետը:

Բոլոր նրանց համար, ովքեր մազերի հաճախակի յողոտության խնդիր ունեն, Սվետլանա Գասպարյանը բավականին պարզ եղանակ առաջարկեց.
«Մեզ շատ են դիմում մազերի յողոտության խնդրով, բայց այդ տհաճ երեւույթից ազատվելու համար եւս հեշտ միջոց կառաջարկեմ.
Երկու ձվի սպիտակուցը հարում ենք այնքան, որ փրփրի ու քսում ենք մազարմատներին: Դրանից հետո պետք է սպասել մինչ այն գլխվի վրա չորանա, այնուհետեւ լվանալ շամպունով»:
Դե իսկ թեփի խնդիր ունեցողներին վարսահարդարը եւս չանտեսեց, առաջարկելով հետեւյալ բաղադրատոմսը.
«Թեփի համար նախատեսված գրեթե բոլոր դիմակներն իրենց մեջ պարունակում են մեղր, դրանցից մեկն էլ կառաջարկեմ այս պահին.
1 թեյի գդալ մեղրին ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, ապա 1 թեյի գդալ գերչակի յուղ: Այս զանգվածը քսելով մազարմատներին՝ սպասում ենք 40 րոպե, ապա լվանում շամպունով»:
Զրույցի վերջում ոճաբան-վարսահարդարը հորդորեց.
«Ամռան բոլոր ամիսներին պետք է պարտադիր օգտագործել արեւապաշտպան յուղեր, քանի որ մազերը արեւից չորանում ու վնասվում են»:







