Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում 460 պլանային տեղից համալրվել է 62 տոկոսը
SOCIETYԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտի «գերմաներեն լեզու» և «քիմիա» բաժիններում ոչ մի ուսանող չի ընդունվել: 29 մասնագիտություններից հենց այս 2-ում ի սկզբանե դիմորդներ չեն եղել: Հինգից պակաս ուսանողներ ընդունվել են «Լրագրություն», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Սերվիս», «Ֆրանսերեն լեզո ւ» բաժիններում, իսկ ամենաշատ՝ 30 ընդունվածներ կան «Մեթոդիկա» բաժնում, 24-ը «Սոցիալական աշխատանք»: Մյուս խմբերը ևս նորմալ ձևավորված են:
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում այս տարի 460 պլանային տեղից համալրվել է 280-ը՝ 60-62 տոկոսով: Հենց այսքան դիմորդ հաղթահարել է բուհական ընդունելության միասնական անցողիկ շեմը: Պլանային տեղերից 71 անվճար՝ պետական պատվերի տեղ, որից 70-ն է համալրվել, 2 դիմորդ էլ բուհ ընդունվել է արտոնությամբ՝ մարզական ոլորտում գրանցած հաջողությամբ պայմանավորված՝ պահուստային տեղերի հաշվին:
«Նկատի ունենալով այս տարվա շրջանավարտների թվի պակասը, կարող ենք ասել, որ բուհն ունի իր կայուն դիմորդների քանակը, իսկ բուհ դիմողների թվի նվազումը կապում ենք շրջանավարտների թվի նվազման հետ»,-նշեց բուհի ուսումնական և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ հավելելով, որ դիմորդները հիմնականում մասնագիտական ընտրությունը կատարում են աշխատաշուկայի պահանջից ելնելով:
Արմենուհի Մխոյան



