Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
SOCIETYԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԿԳ նախարարություն: Ըստ գործող կարգի՝ ազատման հրամանը կլինի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նոր ռեկտորի անունը, թեև դեռ պաշտոնապես չի հայտարարվում, սակայն արդեն իսկ ինչպես բուհում, այնպես էլ քաղաքում շրջանառվում է Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու« Շիրակի մարզի կրթության« սպորտի ու երիտասարդության հա րցերով վարչության պետ Սահակ Մինասյանի անունը:
Իր ազատման դիմումի մասին խոսելով` Վարդևան Գրիգորյանը «Արմենպրես»-ին փաստեց, որ այն միայն ու միայն կապված է ժամկետի լրանալու հետ: «Ըստ օրենքի՝ ինստիտուտի ռեկտորն իրավունք ունի ղեկավարելու բուհը 2 անընդմեջ հնգամյա ժամկետ՝ մինչև 65 տարեկանը: Հիմա իմ պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերին, բայց նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ կարելի է ասել երրորդ ժամկետն է լրանում՝ 14 տարի անընդմեջ ղեկավարման: Մտածեցի, որ ավելի լավ է մի քանի ամիս շուտ ազատման դիմում ներկայացնեմ ՝ հնարավորություն տալով նոր ռեկտորին, միչև ուսումնական տարվա մեկնարկը, բուհի աշխատանքին ավելի լավ ծանոթանալու»,-նշեց Վարդևան Գրիգորյանը ՝ փաստելով, որ բուհը ինքը չի թողնի և կշարունակի դասախոսական աշխատանքը: «Հազար անգամ շնորհակալ եմ բուհին, որ անգնահատելի դեր է ունեցել իմ կյանքում: Եթե անհրաժեշտությունը զգացվի կլինեմ նոր ռեկտորի կողքին՝ իմ խորհուրդներով ու այս բուհը ղեկավարելու փորձով»,-նշեց Վարդևան Գրիգորյանը՝ հավելելով, որ բուհը ռեկտորինը չէ, այլ կոլեկտիվինը:
Արմենուհի Մխոյան



