Թուրքիան` ռազմական հեղաշրջման փորձից հետո. իշխանական ուժերը ցանկանում են հետ գրավել Գլխավոր շտաբը
INTERNATIONAL NEWSՄի խումբ զինվորականների կողմից հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում սկսված ռազմական հեղաշրջման փորձը թուրքական լրատվամիջոցները տապալված են համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԶԼՄ-ները հայտնում են, որ թուրքական իշխանամետ ուժերը ողջ գիշեր տևած բախումներից հետո կարողացել են Ստամբուլի ու Անկարայի տարբեր հատվածներում վերահսկողությո ւնը վերցնել իրենց ձեռքը:
Հեղաշրջման փորձի ժամանակ Ստամբուլի ասիական և եվրոպական հատվածները միացնող Բոսֆորի կամուրջը գրաված և այնտեղ տանկեր կանգնեցրած զինվորականները հանձնվել են: Ինչպես հաղորդում է թուրքական CNN Turk-ը, ոստիկանությունն այդ հատվածում ձերբակալել է շուրջ 50 զինվորականի: Այդ ընթացքում փողոց դուրս եկած քաղաքացիները «լինչի դատաստանի» են ենթարկել մեկ զինվորի:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ով ռազմական հեղաշրջման փորձ արած մի խումբ զինվորականների կողմից հուլիսի 15-ի երեկոյան գերի էր վերցվել, ազատ է արձակվել: Հուլիսի 16-ի առավոտյան թուրքական իշխանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Աքընջը օդուժի բազայի վրա, որտեղ պահվում էր Աքարը, և ազատ են արձակել նրան: ԶՈՒ գլխավոր շտաբի պետքը տարվել է անհայտ մի վայր: Հաղորդվում է, որ նրա առողջական վիճակը լավ է:
Թուրքական իշխանամետ ուժերը գործողություններ են նախապատրաստում Զինված ուժերի գլխավոր շտաբի շենքն ազատագրելու նպատակով: Շինության շրջակայքը դատարկվում է: Հաղորդվում է, որ գլխավոր շտաբից շուրջ 700 չզինված շարքային հանձնվել է: Տարբեր տվյալներով` շենքում կա 150 հոգուց բաղկացած զինված խումբ: Թուրքական «Հուրիեթ»-ը տեղեկացնում է, որ դեպի շենք են քայլում նաև քաղաքացիական անձինք, ովքեր փողոցներ են դուրս եկել գիշերը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հրապարակ դուրս գալու կոչից հետո:
Քուլելիի զինվորական ուսումնարանի 80 ուսանող ձերբակալվել է հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:
Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 90 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։



