Ֆրանսիայում, հնարավոր է, շփոթել են Նիսում 84 մարդու կյանք խլած ահաբեկչի լուսանկարը
INTERNATIONAL NEWSՆիսում ավելի քան 80 մարդու կյանք խլած ահաբեկչի անունը Մոհամմեդ Լաուեժ Բուլել է: 31-ամյա տղամարդը Թունիսից էր, ապրում էր Նիսում: Որքանո՞վ է հավանական, որ Նիսում եւս մեկ Մոհամմեդ Բուլել է բնակվում, որը նույնպես Թունիսից է: Քիչ հավանական է, բայց բացառել չի կարելի:
Ըստ Nicematin-ի, ոմն Մոհամմեդ Բուլել՝ Թունիսից, զանգահարել է Le Plus du Nouvel Obs պարբերականին եւ հաղորդել, որ երկար ժամանակ է՝ համացանցում իր վրա ցեխ են շպրտում, իսկ պատճառն այն է, որ ինչ-որ օգտատեր իրեն շփոթել է ահաբեկչի հետ՝ իր լուսանկարը հրապարակելով մարդասպանի նկարի փոխարեն:
«Վաղ առավոտից այդ մղձավանջը չի դադարում: Facebook-ում մեղադրում եւ վիրավորում են ինձ: Գրում են, որ ես պետք է դժոխքում այրվեմ: Ես գրեցի, որ պարզապես այդ մարդու հետ նույն անունն ունեմ եւ նույնպես Թունիսից եմ, բայց վիրավորանքները չեն դադարում: Կյանքս դժոխքի է վերածվել: Ինչ-որ մեկը Facebook-ի իմ էջից վերցրել է լուսանկարս եւ գրել. «Ահա այդ հրեշի դեմքը: Թող անիծվի նա»: Ես դատի կտամ այդ մարդուն»,- գրել է Մոհամմեդը, որն արձակուրդներին Թունիս է վերադարձել եւ վախենում է Նիս վերադառնալ:



