Սիրիայի ԱԳՆ-ն արձագանքել է հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի հայտարարությանը
INTERNATIONAL NEWSՍիրիայի իշխանությունները բավարար չեն գնահատում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությունն այն մասին, որ Անկարան հետաքրքրված է Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորմամբ` հանուն ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական աղբյուրն «Ալ-Վաթան» պարբերականին հայտնել է, որ իրենք իրական քայլեր են ակնկալում Թուրքիայից: «Մենք իրական քայլեր ենք ակնկալում Անկարայից, որը պետք է դադարեցնի ահաբեկչական խմբավորումներին աջակցելուց և կանխի նրանց մուտքը Սիրիա»,- ասել է աղբյուրը` նշելով, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է դառնա սահմանի ամբողջական փակումը:
Հուլիսի 13-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոսել էր Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: «Բարեկամական շղթան հնարավորինս լայնացնելու ենք: Դա է մեր նպատակը: Ներսում և դրսում բարեկամական շրջանակն ընդլայնելու ենք: Արդեն սկսել ենք դա դրսում անել: Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունները բնականոն հունի ենք դարձրել: Սակայն վստահ եմ, որ Սիրիայի հետ էլ նորմալ հարաբերություններին կվերադառնանք: Մենք ունենք դրա կարիքը: Ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ Սիրիան և Իրաքը կայունանան»,- հայտարարել էր Յըլդըրըմը:



