Այս օրերին տեղի է ունենում «X-Factor 4» նախագծի հայտագրման փուլը. Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց նախագծի պորդյուսեր եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանը.
«Այս պահին ընթանում է հայտագրման փուլը, որն ուղեկցվում է մարդկանց շատ ակտիվ հոսքով: Հայտագրությունը կտեւի մինչեւ հուլիսի 18-ը, այսինքն՝ դեռ ժամանակ կա եւ ցանկացողները, եթե 16 տարեկանը լրացել է, կարող են իրենց դիմումները ներկայացնել: Կոնկրետ մենք սպասում ենք, որ հետաքրքիր ու տաղանդավոր մասնակիցներ կունենանք, քանի որ երկու տարի անցել է նախորդ «X-Factor»-ից ու ըստ իս՝ բավականին շատ տաղանդավոր երեխեք սպասում էին այս մրցույթին: Ընդ որում՝ այս ընթացքում հազարավոր նամակներ ենք ստացել հարցով, թե ե՞րբ ենք վերսկսելու մեր երաժշտական նախագծերը, հետեւաբար հետաքրքրությունը կարծես թե մեծ է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորն ու հավելեց,
«Իսկ արդեն հուլիսի 20-ից կսկսենք քասթինգների նկարահանումները, որն էլ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ը: Այնպես որ սեպտեմբերի կեսից արդեն հեռուստադիտողը կարող է հետեւել սպասված «X-Factor 4»-ին»:
Ի դեպ՝ պրոդյուսերի խոսքով այս տարի նախագիծը ֆորմատային փոքրիկ փոփոխությունների կենթարկվի.
«Ամեն անգամվա նման՝ այս տարի էլ նախագծում ֆորմատային փոքրիկ փոփոխություններ կլինեն, որոնք կիրականցվեն անգլիացիների կողմից, քանի որ սա իրենց հեղինակային նախագիծն է: Իհարկե, փոփոխությունների մասին չեմ խոսի, որպեսզի հեռուստադիտողի համար հետաքրքիր լինի»:

«Նախագծի ժյուրիի կազմում եւս որոշ փոփոխություններ կլինեն, որոնց մասին ավելի ուշ կհայտնենք: Միայն կարող եմ նշել, որ Գարիկը կշարունակի նստել ժյուրիի աթոռին, իսկ Գիսանե Պալյանը հանդես կգա որպես նախագծի երաժշտական պրոդյուսեր»,- նշեց Աննա Թադեւոսյանը:
Ի դեպ՝ «X-Factor 4»-ը կլինի ավելի շքեղ բեմում, ինչպես նաեւ տեխնիկապես գերհագեցած, ինչի արդյունքում երաժշտական նախագծին հետեւելը հեռուստադիտողի համար էլ ավելի հաճելի կլինի: Աննա Թադեւոսյանի խոսքով՝ առաջիկա քասթինգներին նախագծի անգլիացի պրոդյուսերը եւս ներկա կլինի ու կհետեւի ողջ նկարահանումներին եւ մոնտաժային աշխատանքներին:
Հետաքրքրվելով, թե երկարաժամկետ լռությունը ինչի՞ հետ էր կապված, պրոդյուսերը պարզաբանեց.
«Երաժշտական նախագիծ «Շանթ» հեռուստաընկերությունը ամեն տարի էլ իրականացրել է, սակայն կոնկրետ «X-Factor»-ի երկու տարվա դադարը պայմանավորված էր նրանով, որ մենք իրականացնում էինք «Պրեմիերա» նախագիծը, որը «Շանթի» սեփական նախագծին է ու միջազգային շուկայում արդեն իր շուրջ հետաքրքրություն ունի: Բացի այս «Ժողովրդական երգիչ - նոր ուղի» մեծ համերգային ծրագիր մշակվեց ու երաժշտական առումով կենտրոնացել էինք այդ ծրագրերի վրա: Սրանից էլ զատ՝ ընդհանուր ոլորտում մի պահ եկավ, երբ երաժշտական նախագծերը շատ էին ու դադարի կարիք իսկապես կար, քանի որ այդքան երիտասարդ կատարողներ թերեւս չունենք, ովքեր կկարողանան այդքան շատ նախագծերի միաժամանակ մասնակցել»:



