Հաագայի դատարանը Հարավչինական ծովում «կղզիների խնդրի» վերաբերյալ Չինաստանի համար անընդունելի որոշում է կայացրել
INTERNATIONAL NEWSՀաագայում տեղակայված միջազգային արբիտրաժային դատարանի մշտական պալատը որոշում է կայացրել Հարավչինական ծովում որոշ կղզիների պատկանելության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստին», դատարանն անհիմն է համարել Չինաստանի կողմից Նանշա-Սպրատլի արշիպելագը իր «բացառիկ տնտեսական գոտի» հռչակելու քայլը:
Համապատասխան հայցը դեռևս 2013թ-ին դատարան էին ներկայացրել Ֆիլիպինները: Հայցի հիմնական խնդիրներից մեկն էլ արշիպելագի բնույթի որոշումը, այն է` թե արդյոք վերջիններս կղզիներ են, թե ուղղակի «ժայռեր», քանի որ, եթե վերջիններս ժայռեր են, ապա դրանք չեն կարող համարվել «բացառիկ տնտեսական գոտի», որը կներառեր նաև դրանք շրջապատող 200 ծովային մղոն տարածքը: Ֆիլիպինները պնդում էին նաև, որ Չինաստանի կողմից իրականացվող հողալցման աշխատանքները չեն կարող փոխել նշված տարածքների բնույթը:
Դատարանն իր որոշման մեջ շեշտել է, որ դրանք «ժայռեր» են, ուստի բացառիկ տնտեսական կարևորության մասին խոսք լինել չի կարող:
Չինաստանը դատարանի որոշումը համարել է «քաղաքական ֆարս»: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ընդգծել է, որ իր երկիրն այդ տարածքների տիրապետման համար ունի ինչպես պատմական, այնպես էլ իրավական բոլոր հիմքերը:



