Շատ կարևոր է, որ գերտերությունները համադրեն իրենց քաղաքականությունն արցախյան հարցում. Դավիթ Բաբայան
INTERVIEW
«Ակնկալիքները վերաբերում են վստահության մեխանիզմների հետ կապված գործընթացին»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպմանը:
Ըստ Բաբայանի՝ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը շատ կարևոր է, քանի որ դիտորդները կկարողանան երկարաժամկետ դիտարկումներ անել , ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, ավելի ստույգ պատկերացում ունենալ, ֆիքսել հրադադարի խախտումները:
Դավիթ Բաբայանը նաև խոսեց Պուտին-Օբամա հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտությանը: «Ամերիկան և Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում են: Հիմա Լավրովն է գտնվում Բաքվում, վերջերս էլ Վարշավայում Հայաստանի նախագահը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի հետ և Ֆրանսիայի նախագահի հետ:
Մինսկի խմբի անդամ երկների ղեկավարների հետ բոլոր հանդիպումներն ու հեռախոսազանգերը շատ օգտակար են: Բացի դրանից ՝ այդ երկրները ազդեցիկ գերտերություններ են և Հարավային Կովկասում ունեն կենսական շահեր: Շատ կարևոր է, որ նրանք իրենց քաղաքականությունը համադրեն»,-ընդգծեց Դ.Բաբայանը:




















































