Էրդողանը ոչ միայն ներողություն կխնդրեր, այլ սողեսող էլ կգնար Մոսկվա. Նավասարդյան
SOCIETYԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղայականը տեղի ունեցավ այն կատակլիզմներից հետո, որին ենթարկվեց Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով, տասնյակ տարիներ Թուրքիան ուզում է անդամակցել ԵՄ-ին, բայց արդյունքի չի հասնում. «Թուրքիան մեծ ձախողումներ ունի իսլամական, արաբական աշխարհի ուղղությամբ, լուրջ խնդիրներ ունի կապված քրդական հարցի հետ:
Այդ բոլորը վերջացավ նրանով, որ Էրդողանը խոցեց ռուսական ինքնաթիռը եւ դրա հետեւանքով ընկավ տնտեսական, քաղաքական, բարոյական շիլաշփոթի մեջ, եւ Էրդողանը ոչ միայն ներողություն կխնդրեր, այլ սողեսող էլ կգնար Մոսկվա՝ շտկելու վիճակը»:
Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա. «Ընդհակառակը, կարծում եմ, որ գոնե սահմանի երկայնքով ապահովության, անվտանգության խնդիրներն ավելի կուժեղանան, որովհետեւ եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացի ամեն ինչից, անվտանգության հարցերի հետ պետք է շփվեն, տեռորիզմի դեմ պայքարեն, սահմանը պետք է որ ավելի ապահով լինի»,- ասաց Ա.Նավասարդյանը:



