ՌԴ–ն մտահոգված է Հարավային Կորեայում ՀՀՊ համալիրներ տեղակայելու մասին համաձայնությամբ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը մտահոգված է Հարավային Կորեայում THAAD ամերիկյան ՀՀՊ համալիրներ տեղակայելու մասին Սեուլի եւ Վաշինգթոնի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Չնայած ռուսական կողմի եւ այլ երկրների վճռական ու համառ առարկություններին՝ Կորեայի Հանրապետությունը համաձայնության է եկել իր տարածքում THAAD ամերիկյան ՀՀՊ համալիրներ տեղակայելու մասին։ Այդ քայլը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։
Շատ լավ հայտնի է, որ այդ հարցի քննարկման ամենասկզբից մենք հետեւողականորեն եւ անփոփոխ նշել ենք այն վտանգավոր հեեւանքները, որոնք անխուսափելիորեն առաջ կգան այդ որոշումն ընդունելու դեպքում եւ կոչ ենք արել մեր գործընկերներին զերծ մնալ սխալ ընտրությունից։ Ցավոք, այդ կոչերն անպատասխան մնացին։
Այսպիսով՝ ԱՄՆ–ը դաշնակիցների աջակցությամբ շարունակում է մեծացնել իր ներուժը գլոբալ ՀՀՊ Ասիա–խաղաղօվկիանոսյան սեգմենտում, ինչը սասանում է ռազմավարական հավասարակշռությունը ինչպես այդ տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Նման գործողությունները, ինչով էլ որ դրանք հիմնավորվեն, ամենաբացասական ազդեցությունն են ունենում գլոբալ ռազմավարական կայունության վրա, որի մասին սիրում են խոսել Վաշինգթոնում։ Դրանք հղի են նաեւ տարածաշրջանային լարվածության աճի վտանգով եւ խոչընդոտում են Կորեական թերակղզու բարդ խնդիրների լուծմանը»,– ասված է հայտարարության մեջ։



