Մինչև ԼՂՀ-ն չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, այդ խնդիրը լուծում չի ունենա. Արտակ Դավթյան
SOCIETY«Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ ու ասի՝ ինչ է ուզում»,- հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:
Պատգամավորը նախ անդրադարձավ վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին և նշեց, որ երևի թե ժամանակն է, որպեսզի մեր պատվիրակությունը ևս առաջարկի նմանատիպ հանդիպում անցկացնել Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին՝ նա ասաց, որ հանդիպումների ակտիվացում է նկատվում: Սակայն պատգամավորը թերահավատորեն մոտեցավ այն բանին, թե իբր այս հարցը կարող է շուտափույթ լուծում ստանալ: «Ղարաբաղյան հիմնահարցում ամենակարևոր խնդիրը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է կամ կարգավիճակի հարցը: Մինչև ԼՂՀ-ն չվերադառնա բանա կցային սեղանի շուրջ, այդ խնդիրը լուծում չի ունենա: Այո, նրանք պիտի վերադառնան և ասեն, թե ինչ են ուզում ի վերջո: ԼՂՀ-ն ինքը պետք է հայտարարի իր դիրքորոշումը և ինքը պետք է հայտարարի, թե ինչի է պատրաստ իր կարգավիճակի ճանաչման դիմաց»,- ասաց պատգամավորը:
ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ հանդիպումների ինտենսիվացումը պետք է հասցնի մի բանի՝ Վիեննայի համաձայնությունների կատարմանը, ինչը հիմք կհանդիսանա հետագա բանակցային գործընթացի համար:



