Հուլիսի 2-ին` Նովոռոսիյսկ քաղաքում տեղի ունեցած «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում հաղթող է ճանաչվել մեր երկիրը ներկայացնող երգիչ Նարեկ Մակարյանը:
Այս մրցույթում Նարեկի մասնակցության մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, իսկ այսօր արդեն երգիչը մեզ հետ խոսել է իր հաղթանակի մասին.
««Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնելու առաջարկը ստացա երգիչ-հաղորդավար Սամվել Գրիգորյանի կողմից, ով քանիցս այդ մրցույթի ժյուրիի կազմում է եղել: Իսկ առաջարկը ստանալուն պես սիրով համաձայնեցի ու փորձեցի լավագույնս ներկայանալ, ինչն էլ կարծես թե ստացվեց, քանի որ հաղթանակը մերն է»,- նշեց Նարեկն ու պատմեց մրցույթի մանրամասների մասին.
«Մրցույթի շրջանակում եղել է մեկ մրցութային համերգ, որի ընթացքում երկուական երգերով ենք ներկայացել: Այդ օրը ներկայացրի Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» եւ Կարո Վարդանյանի «Քո սիրո համար» երգերը: Վերջինս բավականին հին երգ է ու մենք այն թարմացրել էինք նոր գործիքավորմամբ: Իսկ գալահամերգին կատարեցի Առնո Բաբաջանյանի «Благодарю тебя» ստեղծագործությունը: Լավ ընտրված ստեղծագործություններ էին, իսկ ընտրությունը կայացրել էինք ես եւ Արմինե Գրիգորյանը, ով «Морской Узел»-ի այս տարվա ժյուրիի անդամներից էր»:

«Морской Узел 2016»-ին մասնակցել են 10 երկրների ներկայացուցիչներ, իսկ հաղթողին ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին: Հաղթանակը Նարեկ Մակարյանին տվել է ոչ միայն նյութական պարգեւ, այլեւ աշխատանքային նոր ճանապարհների հնարավորություն.
«Պետք է ասեմ, որ առհասարակ մրցույթներին մասնկացում եմ ոչ թե նյութական հաղթանակների, այլ իմ երկրի անունը հնչեցնելու ու բարձր պահելու համար: Սա ինձ համար առաջին կարեւոր կետն է, իսկ երկրորդ կարեւոր կետը մայրիկիս ուրախությունն է, քանի որ նա ինձնից շատ է ոգեւորվում իմ հաղթանակներից: Այս անգամ էլ, երբ վայրէջք կատարեցինք, հենց օդանավակայանում մրցանակս հանձնեցի մայրիկիս, ով աչքի լույսի պես է պահում այն: Իսկ անձամբ ինձ այս հաղթանակը տվեց նոր ընկերներ ու ծանոթություններ, նոր համագործակցությունների առաջարկներ, որոնց պտուղները հավանաբար առաջիկայում կքաղեմ: Իհարկե, ես ստացա նաեւ դրամական պարգեւ, որի քանակի մասին չեմ բարձրաձայնի»,- հավելեց երգիչը:

Մեզ հետ զրույցում Նարեկ Մակարյանը գաղտնիք բացեց.
«Այնտեղ բավականին հավանեցին իմ ձայնը, վերջին տեսահոլովակս, ու անընդհատ հարցնում էին, թե ինչու Հայաստանը չեմ ներկայացնում «Եվրատեսիլ»-ում: Այնպես որ հիմա սկսել եմ նաեւ այդ ուղղությամբ մտածել ու անհավանական չի լինի, որ մարդիկ ինձ տեսնեն նաեւ «Եվրատեսիլի»-ի բեմում, ինչն ինձ համար ամենապատվավոր ու բարդ աշխատանքը կլինի»:
Նարեկի խոսքով, քանի որ այս տարի մրցույթը նշում էր հոբելյանական 15 տարին, այն կազմակերպված է եղել բավականին բարձր մակարդակով ու առանձնահատուկ շքեղությամբ:
Ի դեպ՝ Նարեկը մրցութային օրերին հասցրել է նաեւ կարճ ժամանակով հանգստանալ, վայելել ծովն ու արեւը:





