Սահմանապահ զինվորներն իրենց ուժերով մատուռ են կառուցում (լուսանկարներ)
SOCIETY
Բոլորիս, անգամ մեր արևելյան հարևանների համար գաղտնիք չէ, թե որքան հզոր է հայոց բանակում ծառայող երիտասարդների ներուժը: Սակայն ֆիզիկական ուժը հաղթող լինել չի կարող, եթե զինվորի հոգևոր կյանքը դատարկ է:
Հենց այս մտածումով էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում ծառայող զինվորների մոտ 2013 թվականին գաղափար է առաջացել` իրենց ուժերով փոքրիկ մատուռ կառուցելու հենց իրենց կողքին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:
Աղդամում ծառայող տվյալ զորամասի ամբողջ զորքի զինվորներից յուրաքանչյուրը կարեցածի չափով ներդրումներ է կատարել մաուռի կառուցման համար:
Իսկ շինարարական աշխատանքները կատարում են ծառայողներ Արսեն Շահբազյանը, Սերյոժա Ջուգարյանը, Արայիկ Օսիպյանը և Սամվել Մամիկոնյանը: Վերջինս Past.am-ի հետ զրույցում նշեց.
-Գաղափարը ծնվեց 2013 թվականի մարտ ամսին: Քանի որ ապրում ենք մի ընտանիքի պես ու կտրված ենք հոգևոր աշխարհից, որոշեցինք սահմանին ստեղծել մեր հոգևոր անկյունը: Դժվարությունները հիմնականում նյութական էին, չունեինք շատ հնարավորություններ:
Քարերը հավաքել ենք ավերակ դարձած կառույցների փլատակներից, ավազը բերել ենք գետից, բացի այդ, բոլորս էլ առաջին անգամ էինք շինարարությամբ զբաղվում, սակայն հպարտ ենք, քանի որ մեր կառուցած մատուռն այս հողի վրա հոգևոր նշանակության առաջին կառույցն է:
Արուսիկ Տիգրանյան




















































