Մենք չպետք է ստորաքարշ լինենք Վենետիկի հանձնաժողովին. Պուշկին Սերոբյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
INTERVIEW
Սահմանադրական փոփոխությունների, կառավարման համակարգի և այլ հարցերի շուրջ Past.am-ը զրուցել է իրավապաշտպան Պուշկին Սերոբյանի հետ:
- Ձեր կարծիքով՝ այսօր կա՞ այս փոփոխությունների հրատապ անհրաժեշտությունը:
- Օրինակ՝ ես չունեմ ո՛չ շոր, ո՛չ կոշիկ, և դուք ինձ կոշիկ եք տալիս, այդ կոշիկն ինչո՞ւ չվերցնեմ: Սկզբում ընդդիմադիրներն իրենց ծրագրերում նույնպես մտցրել էին շատ կետեր, որոնք ներառված են նաև այս փոփոխությունների մեջ: Այսօր, երբ դրանք առաջարկում են հանրապետականները, նրանք մերժում են: Հետո ասում են՝ չենք կարդացել, բայց քանի որ այս իշխանություններն են առաջարկում, ուրեմն դեմ ենք: Իհարկե, սխալներ էլ կլինեն այս նախագծի մեջ, սակայն որոշ քննադատների մոտեցումները ևս ճիշտ չեն:
- Որո՞նք են այդ սխալներն ու վտանգները:
- Վտանգավոր չէի ասի, պետք է քննարկման օրակարգ սարքել այդ ամենը: Այս պահին չեմ կարող նշել հապճեպ:
- Վենետիկի հանձնաժողովի գնահատականներին ինչպե՞ս եք վերաբերվում:
- Նրանք Վենետիկում նստած են, մենք՝ այստեղ: Նրանց ասածը զուտ խորհրդատվական նշանակություն ունի: Մենք չպետք է ստորաքարշ լինենք Վենետիկի հանձնաժողովին: Մենք անկախ երկիր ենք և մենք պետք է ապահովենք այդ անկախությունը:
- Դուք կառավարման խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական համակարգի կողմնակից եք:
- Էլի եմ ասում՝ քննարկան առարկա է, որովհետև երկուսն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Չպետք է ասենք՝ այո՛, նախագահական, որովհետև պատերազմող երկիր ենք և չպիտի ասենք՝ այո՛, խորհրդարանական, քանի որ առաջադեմ ենք: Մենք պետք է նայենք մեր ազգային մենթալիտետի առանձնահատկություններին: Քննարկումներ է պետք կազմակերպել, այլ ոչ թե աչքաչափով մոտեցումներ հայտնել:
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի




















































