ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում քաղաքական կամք դրսեւորել Ղարաբաղում ռազմական բախման ռիսկը նվազեցնելու համար
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական էսկալացիայի կապակցությամբ։ Այս մասին ասված է հուլիսի 5-ին ԵԱՀԿ երեք Ընդհանուր հանձնաժողովների կողմից ընդունված Թբիլիսիի հռչակագրի եւ բանաձեւերի 47-րդ կետում։
ԵԱՀԿ ԽՎ–ն ողջունում է տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների քաղաքական լուծման որոնումներում գործող ձեւաչափերի եւ մեխանիզմների շրջանակներում, բանակցությունների հիման վրա Կազմակերպության նախագահության ակտիվ մասնակցությունը։
Փաստաթղթի 48-րդ կետի համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ–ն պատգամավորներին կոչ է անում բոլոր կողմերին խրախուսել քաղաքական կամք ցուցաբերել վստահության միջոցների մասին համաձայնագիր ձեռք բերելու հարցում լուրջ քայլեր կատարելու ուղղությամբ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռիսկը նվազեցնելու եւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կարգավորման համապարփակ համաձայնագրի հասնելու նպատակով։
Թբիլիսիում ընդունված փաստաթղթի 49-րդ կետում ասված է. «ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում ավելի վճռական քաղաքական կամք դրսեւորել փախստականների եւ ներքին տեղահանության ենթարկված անձանց խնդիրների լուծման համար, ինչպես նաեւ ավելի խիստ ու օպերատիվ կատարել ստորագրված համաձայնագրերը եւ նորից հաստատում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի բնակչության անխախտ իրավունքը, որոնք ստիպված են եղել հակամարտության պատճառով լքել իրենց մշտական բնակության վայրերը»։



