Մալայզիայի ոստիկանությունը հայտնել է երկրում ԻՊ-ի իրականացրած առաջին ահաբեկչության մասին
INTERNATIONAL NEWSՄալայզիայի ոստիկանությունը հայտնել է երկրի տարածքում տեղի ունեցած առաջին ահաբեկչության մասին, որն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ոստիկանության գլխավոր տեսուչ Խալիդ Աբու Բաքարի խոսքով՝ հունիսի 28-ին գիշերային ակումբում նռնակի կիրառմամբ իրականացված պայթյունը կազմակերպված է եղել մի մալայզիացու հանձնարարությամբ, ով կռվում է ԻՊ-ի կողմից Սիրիայում: Նրա անունն է Մուհամադ Վանդի Մոհամեդ Ջեդի:
Պայթյունի հետևանքով զոհեր չեն եղել, սակայն 8 մարդ վիրավորվել է: Այցելուների մեծ մասը հավաքվել էր ակումբում Իսպանիա-Իտալիա ֆուտբոլային խաղը դիտելու համար:
Այդ ժամանակ ոստիկանությունը բացառել էր ահաբեկչության վարկածը և հայտնել էր, որ հարձակման հնարավոր պատճառը եղել են բիզնեսում մրցակիցների հետ ունեցած խնդիրները: Սակայն Ջեդին սոցկայքերում հայտնել էր, որ հենց ԻՊ-ի կողմնակիցներն են կանգնած պայթյունի հետևում:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է նաև, որ գործի շրջանակում 15 մարդ է ձերբակալվել, այդ թվում` 2 տղամարդ, ովքեր ակումբի վրա նռնակ էին նետել:



