Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զայրացել է սոցմեդիայի վրա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ զայրացել է սոցիալական մեդիայի վրա: Էրդողանի թիրախն է դարձել Twitter–ը, որին Էրդողանը մեղադրել է անպարկեշտության մեջ ՝ օգտատերերի այն հաղորդագրությունների համար, որ Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ի ահաբեկչությունից հետո տաքսու վարորդները բարձրացրել են ուղեւորավարձը, հայտնում է Anadolu Agency–ն:
Աթաթուրքի անվան օդանավակայան այցելության ժամանակ Էրդողանը հանդիպել է տաքսիների վարորդների հետ ու հայտնել, որ «ինքը դեմ է սոցմեդիային»: «Նրանք ովքեր նման անպարկեշտ տեղեկություններ են տարածում, պատասխանատվություն են կրում դրա համար: Ոչ մի նշանակություն դրան մի հաղորդեք»,- նշել է Էրդողանը ՝ մեկնաբանելով Facebook եւ Twitter սոցցանցերի օգտատերերի գրառումներն այն մասին, որ օդանավակայանի տաքսի ծառայությունները, օգտվելով ողբերգությունից, բարձրացրել են սակագները այն մարդկանց համար, ովքեր ահաբեկչությունից հետո ուզում էին շտապ հեռանալ օդանավակայանից:
«Ես ինքս էլ եմ հաճախ դառնում սոցմեդիայի թիրախը: Ես դեմ եմ Twitter–ին ու դրա նման մյուս ցանցերին: Ես դրանցից չեմ օգտվում, բայց կան մարդիկ, որոնք օգտագործում են սոցմեդիան իմ անունից»,- հավելել է նա:



