Ֆրանցիսկոս պապ. Եվրոպան փոփոխությունների կարիք ունի
INTERNATIONAL NEWSԵվրոպան փոփոխությունների, վախի ու ագրեսիվության, քաղաքական ու տնետսական եսասիրության հաղթահարման կարիք ունի, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մյունխենում անցնող «Միասին հանուն Եվրոպայի» քրիստոնեական հանրահավաքի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Որոշ տեսանելի պատերից բացի, ամրապնդվում են նաեւ անտեսանելի պատերը, որոնք փորձում են մասնատել այս մայրցամաքը: Այս պատերը մարդկանց սրտերում են: Պատեր, որոնք ստեղծված են վախից ու ագրեսիվությունից, այլ ծագում կամ հավատ ունեցող մարդկանց հասկանալու ունակության բացակայությունից: Քաղաքական ու տնտեսական եսասիրության պատեր, որոնք մերժում են յուրաքանչյուր անհատի կյանքի ու մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքը»,- ասել է քահանայապետը:
«Եվրոպան գտնվում է բարդ ու ուժեղ փոխվող աշխարհում, որը օրեցօր ավելի գլոբալիզացված է դառնում ու նվազ եվրոկենտրոն»,- նկատել է Ֆրանցիսկոսը:
«Եթե մենք ընդունում ենք այդ դարակազմիկ խնդիրները, մենք պետք է քաջություն ունենանք ասելու՝ մեզ փոփոխություննե՛ր են պետք: Եվրոպան կոչված է մտածելու ու ինքն իրեն հարցնելու այն մասին, արդյոք նրա հսկայական կարողությունը թանգարանին է պատկանում, թե այն դեռ ունակ է ոգեշնչել մշակույթին ու իր գանձերը նվիրել ամբողջ մարդկությանը»,- շեշտել է Հռոմի պապը:
«Եթե Եվրոպան ուզում է լինել ժողովուրդների ընտանիք, թող նա նորից կենտրոնում դնի մարդկային անձը, թող բաց ու հյուրասեր մայրցամաք լինի ու շարունակի իրականացնել ոչ միայն տնետսական, այլեւ սոցիալական ու մշակութային համագործակցություն»,- ամփոփել է Հռոմի պապը:



