Երևանյան ամռան մանկական գույները. անցկացվեց «Խոսող խաղալիք» մանկական փառատոնը
SOCIETY«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված մանկական ծրագրերից երեխաների համար ամենասպասվածը մայրաքաղաքի Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացված «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնն էր: 2-րդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնին այս անգամ մասնակցել են ավելի քան 2 տասնյակ տիկինիկագործներ: Ներկայացված աշխատանքներն ինչպես խաղարկային, այնպես էլ երեխաների խաղի կազմակերպման համ ար նախատեսված տիկնիկներ էին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տիկնիկների ցուցադրությամբ մեկնարկած փառատոնը շարունակվել է համերգային ուրախ ծրագրով: Օրվա երկրորդ կեսին պուրակը վերածվել է հեքիաթի հերոսների շքերթային հրապարակի: Իսկ ավելի ուշ Երևանի, նաև մարզերի տիկնիկային տարբեր թատրոնների ու ստուդիաների մասնակցությամբ մանկական տիկնիկային ներկայացումներ են ցուցադրվել:
Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով տաղավարներում, ծանոթանալով ձեռագործ աշխատանքներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ փառատոնը գունավորում և յուրահատուկ տրամադրություն է փոխանցում ամառային Երևանին:



