Ես այնպիսի հովանավորներ ունեմ, որ ինձ ոչ ոք չի կարող նեղացնել. ԵՊՃՀ-ի քոլեջի տնօրեն
SOCIETYԴեռ 3 դար առաջ Գրիգոր Արծրունին էր գրում հայկական դպրոցներում ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ) համակարգի տարածվածության ու դրա վատ հետևանքների մասին: Գրում էր, սակայն այսօր ոչինչ չի փոխվել:
Մեզ է հասել ԵՊՃՀ քոլեջի նախկին ուսուցիչ Օֆելյա Ասատրյանի նամակը, ով պատմում է, թե ում կողմից և ինչպես են իրեն` 46 տարի նույն տեղում աշխատած ուսուցչին, ազատել աշխատանքից:
Ուսուցչուհին գրում է. «Արդեն երկրորդ սեպտեմբերն է, ինչ զրկված եմ լսարան մտնելու բերկրանքից: Զրկված եմ ոչ թե տկարության, գիտելիքի պակասի, ուսանողին լսարանում ուսանող զգալ տալու անկարողությունից, այլ մի դրածո տնօրեն Մարինե Գրիգորյանի և ԵՊՃՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանի պատճառով:
Երբ 2011 թվականին Երևանի պետական արդյունաբերական քոլեջը միավորվեց ԵՊՃՀ-ի քոլեջի հետ, համալսարանի ռեկտորն էր Արա Ավետիսյանը, քոլեջի տնօրեն նշանակվեց Խորեն Հովհաննիսյանը: Սակայն ի զարմանս կոլեկտիվի՝ 2012 թ. քոլեջի տնօրեն նշանակվեց Մարինե Գրիգորյանը, ով քոլեջում ընամենը 3 տարվա աշխատող էր: Վերջինս այդ պաշտոնին չէր համապատասխանում ո´չ մասնագիտորեն, ո´չ էլ առավել ևս փայլում էր մանկավարժության ոլորտում, և քանի որ անգամ դասարան չէր կարողանում պահել, կուրսի դասղեկի նրա պարտականությունները հանձնարարվեցին ֆիզկուլտուրայի ուսուցչին:
Իմ անձնական գործի մեջ կա հավատագիր` ամբողջ կյանքի համար, կա կա վերապատրաստման դասերին մասնակցած և կարմիր վկայականի պատճենը: 2013թ. հունիսին ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանը, ով նախնական արդեն յուրաքանչյուրիս ժամերի քանակն էր ասել (ինձ 720 ժամ), մի քանի օրից ամբիոնում հավաքում է բոլորին և ասում, որ Արա Ավետիսյանը նայել է իմ գործը և գտել, որ պաշտպանած չեմ, տարիքս կենսաթոշակի է, ուստի ինձ դասաժամեր չեն հատկացնելու:
Նա գիտեր, որ բնակարան չունեմ, բնակվում եմ վարձով և իմ ստացած գումարը, որ նվազագույնն է եղել, հազիվ բավարարում էր վարձ վճարելուն: Ասացեք խնդրեմ, տիկին Հասմիկ, քոլեջի ո՞ր դասախոսն է պաշտպանած կամ տնօրենը, որ ես էի մնացել ստվերում: Նույնիսկ այսօր շատերը տարիքով ինձանից ավելի մեծ են: 2013թ. նոյեմբերին հանդիպեցի Արա Ավետիսյանի հետ:
Նա, հակառակ Հ.Պետրոսյանի, ասաց, որ ինքն իմ գործը չի նայել, ավելին, ասաց, որ քոլեջի աշխատակիցներին թույլատրել է, որ մնան իրենց տեղերում: Նա, իմանալով իմ բնակարան չունենալու փաստը, ասաց, որ կօգնի, ավաղ, ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
Արա Ավետիսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, դիմեցի Ազգային ժողով` Արտակ Դավթյանին: Պատասխանեցին, որ յուրաքանչյուր հաստատություն իր ներսում ինքն է որոշումներ կայացնում: Տարբեր հեռուստտաալիքներով ցուցադրվեցին համալսարանի բակում տեղի ունեցող բողոքները, սակայն մինչև օրս էլ շարունակվում են կամայականությունները: Աշխատանքից ազատվեցին երկարամյա աշխատանքային փորձ ու հմտություններ ունեցող ուսուցիչներ և դասախոսներ: Իսկ ի՞նչ որոշում է սպասվում այն դրածո տնօրենին, ով իրեն թույլ է տալիս ասելու, թե ինքն այնպիսի հովանավորներ ունի, որ իրեն ոչ ոք չի կարող նեղացնել: Ուրեմն, եթե ես չեմ ունեցել հովանավոր ունենալու ապահովությունը, պետք է անպաշտպա՞ն զգայի ինձ:
Արուսիկ Տիգրանյան



