ԱԻՆ-ը հիշեցնում է լողամիջոցների դասակարգումը և անվտանգ շահագործման կանոնները
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է լողամիջոցների դասակարգումը և անվտանգ շահագործման կանոնները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԻՆ հիշեցման մեջ նշվում է.
«ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 7-ի թիվ 1945-Ն «Ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները հաստատելու մասին» որոշմամբ լողամիջոցները դասակարգվում են երեք դասի: Դասակարգումը խորհրդանշվում է «Լ» (լճային), «Գ» (գետային) կամ «Ջ» (ջրամբարային) տառանիշներով` ելնելով լողամիջոցի կառուցվածքից և ջրային լողավազանի խմբից:
- ինքնագնաց լողամիջոց` ջրավազաններում շահագործման համար նախատեսված շարժիչով լողամիջոց
- զբոսանավ` ուղևորների փոխադրման, ափահանման, ջրային զբոսանքի, էքսկուրսիաների, զվարճալիքների և այլ միջոցառումների համար նախատեսված լողամիջոց,
- ջրացիկլ` մոտոցիկլետային տեսակի մեխանիկական շարժիչով լողամիջոց,
- լողամիջոցների կանգատեղի` լողամիջոցների կայանման, պահպանման, վերանորոգման և այլ աշխատանքների համար նախատեսված, համապատասխան սարքավորումներով կահավորված առափնյա կառույց,
- փրկարարական կայան կամ կետ` ջրային ավազանների առափնյա տարածքներում հատուկ կահավորված և փրկարարներով համալրված կետեր` նախատեսված ջրում աղետի ենթարկվածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար,
- լուսանցույց` լողամիջոցի վրա հաստ ապակիով, ռետինե շրջանակով անջրաթափանց կլոր պատուհան,
- նավագնացության նշան` լողամիջոցի անվտանգ երթևեկության ապահովման համար հատուկ հարմարանք
Լողամիջոցներ վարել թույլատրվում է այն անձանց, ովքեր «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով անցել են ուսուցում, համապատասխան ատեստավորում և սահմանված կարգով ստացել նավավարման իրավունքի վկայական:
Լողամիջոցների շահագործումը ջրային ավազաններում թույլատրվում է նավագնացության բացման ժամանակաշրջանի սկզբից մինչև դրա ավարտը: Դրա անվտանգ շահագործման պատասխանատվությունը կրում է լողամիջոցի սեփականատեր հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը` ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Յուրաքանչյուր լողամիջոց պարտադիր կարգով պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը`
ա) վկայական լողամիջոցն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցելու մասին,
բ) փորձագիտական եզրակացություն լողամիջոցի տեխնիկական վիճակի մասին,
գ) եզրակացություն լողամիջոցի սանիտարահիգիենիկ վիճակի մասին,
դ) լողամիջոցի անձնակազմի ցուցակ,
ե) լողամիջոցի տեխնիկական անձնագիր,
զ) լողամիջոցի վերամբարձ սարքավորման տեխնիկական անձնագիր,
է) լողամիջոցի սառցարանային տեղակայանքի տեխնիկական անձնագիր»:



