Հայաստանը բանակցություններ է վարում Լարսին այլընտրանքային ուղի բացելու համար
SOCIETYՀայաստանը Վրաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում, որպես Վերին Լարսին ճանապարհին այլընտրանք, հայկական ավտոմեքենաների համար այլ ճանապարհ բացելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ: Մենք բանակցություններ ենք վարում վրացական կողմի հետ, որպեսզի ունենանք նաև այլընտրանքային ճանապարհ, դրա հետ կապված պետք է բանակցություններ վարվեն նաև ռուսաստանյան կողմի հետ՝ դիվանագիտական խողովակներով: Համոզված եմ, որ այդ քայլը լինելու է Վրաստանի և ՌԴ-ի իշխանությունների կողմից»,–ասաց նախարարը:
Բեգլարյանը նշեց, որ ներկայում Հարավային Օսիայով հնարավորություն կա ուղևորվել դեպի ՌԴ, ճանապարհը լավ վիճակում է: «Երկու պետությունների հետ բանակցություններ են տարվում, Հայաստանից շատ բան այս առումով կախված չէ»,- նշեց Տրանսպորտի և կապի նախարարը:
Անդրադառնալով Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ Բեգլարյանն ասաց, որ աշխատանքներն ընթանում են, ջրի հունը փոխվել է: Ըստ նրա՝ առավելագույն 10-14 օրում Վերին Լարսի ճանապարհը բաց կլինի:



