ԻՊ-ն հայտարարել է Թուրքիայում ննջող իր բջիջների մասին
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եւ Սիրիայի վերահսկվող տարածքներում խալիֆայություն հայտարարվելու երկրորդ տարելիցի շրջանակում ԻՊ-ի «Աամաք»(اعماق) լրատվական գործակալությունը աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում ունեցած դեռեւս ննջող իր բջիջներն ունենալու վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեեւ Wordpres-ի կողմից հակազդեցության արդյունքում «Աամաք»-ի պաշտոնական web էջը մայիսից փակ է, սակայն , նրանց պատրաստած ինֆոգրաֆիկան սկսել են արագորեն տարածել աշխարհի մամուլի օրգանները` ուշադրություն հրավիրելով Թուրքիայում Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28-ի գիշերն իրականացված ահաբեկչական գործողությունների եւ այդ հրապարակման միջեւ առկա զուգահեռին:
ԻՊ-ի «մեծ չափով վերահսկվող երկրների» շարքում նշված են Սիրիան եւ Իրաքը, «միջին չափով վերահսկվող երկրների» շարքում` Չեչնիան, Եմենը, Եգիպտոսը, Նիգերիան, Լիբիան, Սոմալին, Ֆիլիպինները, Նիգերը, Աֆղանստանը, Դաղստանը, «Նիրհող բջջիջների պատրաստ վիճակում գտնվող» երկրների կատեգորիայում` Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ալժիրը, Ֆրանսիան, Թունիսը, Լիբանանը, Բանգլադեշը:
Թուրքական ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնում են, որ թեեւ Թուրքիայում ԻՊ-ի ննջող բջիջների առկայության մասին լուրը նոր բան չէ, սակայն, ԻՊ-ի կողմից պաշտոնական կայքի միջոցով այդ լուրի տարածումը երկյուղածություն է ծնում Թուրքիայում:
Հունիսի 28-ին Ստամբուլի միջազգային օդանավակայանում երեք մահապարտների իրագործած ահաբեկչական պայթյունների հետեւանքով պաշտոնական տվյալներով 42 մարդ սպանվել, 239 հոգի էլ վիրավորվել են:




