Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի ուշադրությունը հրավիրեց Արթիկի ջրհեղեղից հետո առաջացած խնդիրների վրա
POLITICSԱրթիկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո Անկախության, 25 և Պռոշյան, 21 հասցեներում ջուրը լճացել է, տեղի բնակիչներն ահազանգել են, որ նեխման գործընթաց է սկսվել: Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Այնտեղ անհրաժեշտ են համապատասխան պոմպեր՝ ջուրն այդ տարածքներից հեռացնելու համար: Իհարկե, կառավարությունը տեղյակ է այս խնդրի մասին, ես պարզապես ցանկացա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա, որովհետև տեղի բնակիչներն ահազանգում են, որ շոգի պատճառով ջուրը նեխում է կարող է դառնալ վարակի աղբյուր»,- նշեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ հարկավոր է հրատապ զբաղվել այս խնդրով և կարգավորել հարցը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ կփորձեն հնարավորության սահմաններում օգնել:
Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները: Վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում:
Ջրալցվել են Րաֆֆու, Գրիգոր Լուսավորիչ, Մ. Բաղրամյան, Սասունցի Դավիթ, Շինարարների, Հակոբյան փողոցները, Տուֆագործների 7-րդ նրբանցքը, Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ն և երկրորդական մի շարք փողոցներ, որտեղ ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի:
Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք:



