ՌԴ-ում վթարի հետևանքով հոսպիտալացված ՀՀ քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են
SOCIETYՌուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 13 ՀՀ քաղաքացիներից երկուսը' կին և տղամարդ, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոցից, տղամարդը բութ տրավմա է ստացել որովայնի հատվածում, ունի ճողվածք, իսկ կնոջ մոտ բժիշկները ախտորոշել են արյան զեղում և հեմատորաքս' թոքի շրջանում:
Հիվանդանոցից չկարողացան հայտնել վերակենդանացման բաժանմունքում գտնվող անձանց ինքնությունները: Տարբեր մարմնական վնասվածքներով 3-րդ քաղաքային հիվանդանոց տեղափոխված մյուս վիրավորները գտնվում են տրավմատոլոգների և նեյրոլոգների վերահսկողության տակ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 17-ին' ժամը 06.27-ին, ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209 կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան-Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Նախնական տվյալներով' միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա երկու զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված): ՌԴ ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության Կրասնոդարի մասնաճյուղի տեղեկատվության բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ երկրորդ զոհի ինքնությունը մինչ այս պահը չի հաջողվել պարզել:
Մինչ այժմ հայտնի է ավտովթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների մի մասին ինքնությունը (1997թ. ծնված Բրոյան Էսթեր, 1975թ. ծնված Բալգինա Սվետլանա, 1962թ. ծնված Խուդոյան Գյուլիզարա, 1960թ. ծնված Խաչատրյան Հրաչ, 1993թ. ծնված Ղուկասյան Կառլեն, 1963թ. ծնված Պողոսյան Վազգեն, 1969թ. ծնված Պոկույան Սերժ, 1998թ. ծնված Հովհաննիսյան Արմեն, 1994թ. ծնված Հարությունյան Արծրուն, Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), 1960թ. ծնված Բեյբուոցյան, մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են):
Քաղաքացիներ Պողոսյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:
Մյուս 5 ուղևորները շարունակել են իրենց ճանապարհը:



