ՃՈ-ն հորդորում է հանձնել խոտանված տրանսպորտային միջոցների համարանիշերը
SOCIETYՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի N 708-Ա որոշման 1-ին կետի համաձայն, այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարվել են 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված և հանվել են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ խոտանված տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկը զետեղվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի «Խոտանված տրանսպորտային միջոցներ» բաժնում:
ՀՀ ոստիկանությունը նշված ցանկում ընդգրկված համարանիշերով տրանսպորտային միջոցներ տիրապետող կամ օգտագործող անձանց հորդորում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներից խուսափելու նպատակով քաղաքացիների մոտ գտնվող համարանիշերը հանձնել Ճանապարհային ոստիկանության մոտակա (ցանկացած) հաշվառման-քննական ստորաբաժանում:
Վերը նշված գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 010 (կամ 011) 56-45-88 հեռախոսահամարով:



