«Ո´չ թալանին»-ը վերադառնում է
INTERVIEW
Վերջին շրջանում քաղաքական ու հասարակական դաշտը գրեթե լուռ է, բայց պարզվում է, որ «Ո´չ թալանին»-ի լռությունը պայմանավորված էր նոր նախագծերով: Դա է վկայում նախաձեռնող խմբի վերջին հայտարարություն-հրավերը:
Սեպտեմբերի 1-ին նախաձեռնող խումբը նախատեսում է հանդիպում հայ երիտասարդների հետ, որի ընթացքում կներկայացվեն նախատեսված քայլերը:
Հայտարարության մեջ ասվում է. ««Ո´չ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին` ժամը 16։00-ից, բոլոր երիտասարդներին հրավիրում է Սիրահարների այգի։ Կլինի կարծիքների փոխանակում:
Հանդիպման ընթացքում «Ո´չ թալանին» նախաձեռնությունը կհայտնի իր հետագա քայլերի և գործողությունների մասին։ Բոլորի ներկայությունը շատ կարևոր է»։
Սակայն մեզ մոտ հարց առաջացավ, թե ինչով է պայմանավորված նման կարևոր հանդիպումն անցկացնել հենց այդ տոնական օրը: Հենց այս հարցի շուրջ էլ զրուցեցինք նախաձեռնող խմբի անդամների հետ:
Մեր հարցին, թե որքանով է նպատակահարմար հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 1-ին, Միհրան Ավագյանը պատասխանեց.
- Օրն այնպես ենք ընտել, որ շատ երիտասարդներ գան: Ժամը այնպիսին է, որ ուսանողությանը հարմար լինի: Օրը տոնական է, պատճառներից մեկն էլ հենց դա է:
- Բայց, օրինակ՝ ես երկրորդ հերթով եմ սովորում ու չեմ կարողանա գալ:
- Դե առաջին օրով հիմնականում դաս չեն անում:
Իսկ նույն հարցին Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց հետևյալ կերպ.
- Մենք հավաքվում ենք միմյանց լսելու , խոսելու ու նաև հետագա անելիքներից խոսելու, իսկ թե ինչքանով է օրը հարմար, դա ժամանակը ցույց կտա:
-Այսինքն՝ դուք ձեր հանդիպման հաջողությունը դրել եք ժամանակի հույսի՞ն:
- Բնականաբար, ոչ:
-Լավ, իսկ ձեր առաջիկա պլանները կապ ունե՞ն Հովիկ Աբրահամյանին տված պատասխանի հետ:
Միհրանը Ավագյանը պատասխանեց•
- Իհարկե, մեր հայտարարությունը կապված էր առաջիկա պլանների հետ:
Արուսիկ Տիգրանյան




















































