Օլանդը եւ Մերկելը քննարկել են Brexit-ի շուրջ հանրաքվեից հետո ստեղծված իրադրությունը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեից հետո ստեղծված իրադրությունը վերահսկելու միջոցառումների շուրջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Նրանք նշել են լիակատար համաձայնությունը բրիտանական հանրաքվեով ստեղծված իրադրությունը վերահսկելու հարցում»,- հայտարարել են Ֆրանսիայի նախագահի շրջապատում: Նաեւ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ լիակատար թափանցիկություն կապահովվի անորոշություններից խուսափելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հունիսի 27-ին Բեռլինում տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի եւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հանդիպումը:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկացվել ԵՄ-ին երկրի անդամակցության հարցի շուրջ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու օգտին քվեարկել է ընտրողների 51,9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



