Եվրասկեպտիկները խնդրել են Քեմերոնին՝ վարչապետի պաշտոնում մնալ հանրաքվեի ցանկացած արդյունքի դեպքում
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի խորհրդարանի 80-ից ավելի պահպանողական-եվրասկեպտիկ պատգամավորներ նամակով դիմել են Դեւիդ Քեմերոնին, որում խնդրել են նրան վարչապետի պաշտոնում մնալ հանրաքվեի ցանկացած արդյունքի դեպքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Telegraph թերթին:
Նամակն ստորագրածների թվում են ԵՄ-ից երկրի դուրս գալու քարոզարշավի ղեկավարները՝ Լոնդոնի նախկին քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը, արդարադատության նախարար Մայքլ Գոուվը, ինչպես նաեւ մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլը, Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Թերեզա Վիլյերսը, նշում է հրատարակությունը:
«Մենք՝ ԵՄ-ից դուրս գալու արշավի կողմնակիցներս եւ Պահպանողական կուսակցության անդամներս, շնորհակալ ենք ձեզ այն բանի համար, որ դուք բրիտանական ժողովրդին հնարավորություն ընձեռեցիք հունիսի 23-ին վճռելու իր ճակատագիրը: Մենք գտնում ենք, որ ինչ էլ որոշելու լինի բրիտանական ժողովուրդը, դուք ունեք երկիրը կառավարումը շարունակելու եւ 2015 թվականի մանիֆեստը իրագործելու մանդատ ու պարտականություն»,- ասված է նամակում:
Թերթը նշում է, որ հանրաքվեին նախորդած վերջին մի քանի օրերին երկու ճամբարներից բարձրաստիճան քաղաքական գործիչներն սկսել են քննարկել, թե ինչպես վերամիավորեն կուսակցությունը եւ այնպես անեն, որ կառավարությունը շարունակի գործել նաեւ հանրաքվեից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



