Ի՞նչը «բաղրամյանցիներին» տարավ տարբեր ճանապարհներով, ինչո՞վ է հպարտ Արամ Մանուկյանը. հետադարձ հայացք «Էլեկտրիկ Երևան»-ին
INTERVIEW
Ուղիղ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան:
Past.am-ն այդ օրերին հետադարձ հայացք է փորձել նետել «Էլեկտրիկ Երևան» շարժման ակտիվ մասնակից Արամ Մանուկյանի հետ: Վերլուծելով հայտնի դեպքերը՝ Արամ Մանուկյանն ասաց, որ զգացել է և՛ միասնության ուրախությունը, և՛ պարտության դառնությունը:
Ըստ Արամի՝ մասնակիցների երիտասարդ լինելը բերեց թարմություն ու անկանխատեսելիություն:
«Բնականաբար, մենք չէինք կարող փորձ ունենալ: Այդ պատճառով ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես եղավ»,- հավելեց նա։ Քաղաքացիական պայքարի մասնակիցը փաստեց, որ շատ ժամանակ է անցել, ինքը դասեր է քաղել և շատ նոր բաներ է սովորել ու ընկալել։
«Թե ինչ կանեի կամ կանեմ, իմ կարծիքով, արդեն ադքան էական չէ, բայց մի բանում վստահ եմ` շատ բաների այլ կերպ եմ սկսել նայել»,-նշեց Մանուկյանը։
Անդրադառնալով շարժման պառակտմանն ու տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ստեղծմանը՝ Արամն ասաց, որ իր կարծիքը չի փոխվել:
«Սերժ Սարգսյանի՝ աուդիտի մասին հայտարարությունն ամեն մարդ ընկալեց յուրովի ու շարժվեց ըստ այդմ։ Ինձ համար դա կոնկրետ խաբեություն էր հենց սկզբից ու դա ժամանակն ապացուցեց։
Ուրախ եմ ու հպարտ, որ ճանաչել եմ շարժման անդամ և շարժման կողքին կանգնած շատերին` ՀՀ ազատ ու հպարտ քաղաքացիներին։ Հուսով եմ՝ կգա ժամանակը, երբ բոլորս կասենք մեր խոսքն ու կստեղծենք մեր պատկերացրած ազատ ու անկախ Հայաստանը»,- խոսքը եզրափակեց Արամ Մանուկյանը:
Լևոն Փանոսյան




















































