Այսօր Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութը իսկական իրարանցում է ստեղծել. շատերն իրենց զարմանքն են հայտնում երգչի ոչ ադեկվատ պահվածքի հանդեպ, ոմանք էլ փորձում են արդարացնել սիրելի երգչին՝ նկատելով, որ տեսանյութի տարածման հիմքում դիտավորություն է ընկած:
Համացանցում տարածված տեսանյութում երգիչը դիմելով հանդիսատեսին ասում է. «Ես ձեզանից ներողություն եմ խնդրում: Ես այսօր մի քիչ ազդված եմ, ուզում եմ իմ իրական «ես»-ը ցույց տալ… հա, խայտառակ եմ անում, լավ եմ անում: Այսօր ինձ դա է պետք, որովհետև հոգնել եմ ես: Ես չեմ կարող այդպես ապրել այլևս…ես իրավունք չունեի այստեղ երգել, ինձ այսպես աննորմալ վիճակում ոչ ոք չի տեսել: Մարտինը շատ է երգել (նկատի ունի երգիչ Մարտին Մկրտչյանին-Life.panorama.am), որովհետև ես գինովցել եմ մի քիչ՝ մամայիս եմ հիշել»:
Երգչի հասցեին հնչող թեժ քննադատությունների վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել Արման Հովհաննիսյանի PR մենեջեր, լրագրող Լուսինե Արշակյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, թե սխալ է համարում կայծակնային արագությամբ տեսանյութի տարածումը:

«Անկեղծ ասած՝ ես անձամբ չեմ ճանաչում Ռազմիկին, անգամ նրա հեռախոսահամարը չունեմ, ինչը գուցե ծիծաղելի է, քանի որ ոլորտում եմ շուրջ 15 տարի: Չգիտեմ, թե տեսանյութի ժամանակ Ռազմիկն ինչ վիճակում է եղել, բայց մի բան հաստատ է՝ հայկական լրատվադաշտը օգտագործվեց մի քանի մարդկանց կամ կոնկրետ մարդու կողմից, ինչն ամոթ է ուղղակի, էլ ո՞ւր է մեր բանականությունը, որ մի հատ «կուտ են տալիս»՝ հետևից ենք գնում: Եթե որպես լրագրող հասարակ վերլուծություն-հետաքննություն անենք, ապա կնկատենք, որ այդ համերգը տեղի է ունեցել ամիսներ առաջ, քանի որ Ռազմիկն ու Մարտինը մի քանի ամիս առաջ էին համատեղ համերգային արշավ ունեցել, միաժամանակ հստակ հասկանում եմ, որ այն Հայաստանում չի նկարահանվել: Կարծում եմ, եթե սա լիներ հանդիսատեսի ձեռքի գործն, ապա համերգի հաջորդ օրն իսկ այն կհայտնվեր համացանցում, այնպես որ՝ ըստ իս սա հարազատ մարդու, ընկերոջ ձեռքի գործ է, ով այլևս ընկեր համարվել չի կարող»,- նշեց Լուսինե Արշակյանը:
«Յուրաքանչյուր կայք պետք է հարգի իր աշխատանքն ու հետամուտ լինի լրագրողների ստացած կրթության կանոններին: Միայն դիտում ապահովելու նպատակով չէ, որ պետք է աշխատենք: Եթե տվյալ երգիչը աշխատանք է ներկայացրել, թող քննարկենք, քննադատենք, բայց նման տեսանյութը տարածելով մարդու հոգեկան ներաշխարհի վրա ենք ազդում, չէ որ Ռազմիկի շատ հիթերի ներքո մենք ուրախանում ենք: Մի՞թե մենք ապահոված ենք նման դեպքերից, հավատացեք՝ ես որևէ կերպ չեմ փորձում Ռազմիկին պաշտպանել, այլ խոսում եմ որպես մարդ ու լրագրող: Չի կարելի կայանալ՝ որոշ մարդկանց տրորելով, հայ ենք՝ չի կարելի»,- վորդովված հավելեց նա:



