Թուրքիան արգելել է Գերմանիայի պատվիրակությանն այցելել Ինջիրլիքի ռազմաբազա Ցեղասպանության բանաձևի պատճառով
INTERNATIONAL NEWSԹուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է, որը շարունակում է լարման մեջ պահել թուրք-գերմանական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle լրատվականը, այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը:
Որպես Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ հանդես եկող կոալիցիայի անդամ` Գերմանիան Թուրքիայի հարավային շրջանում գտնվող ռազմաբազայում ունի շուրջ 250 զինծառայող, վեց հետախուզական Tornado ինքնաթիռ և վառելիքի վերալիցքավորման օդանավ:
Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:
«Թուրքական իշխանություններն այս պահին հավանություն չեն տալիս մեկնելու ծրագրերին: Սակայն որևէ գրավոր բացատրություն դրա համար չի տրվել»,- այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խոսնակը Der Spiegel պարբերականին: Վերջինս գրում է, որ այցի թույլտվությունը մերժվել է Հայոց ցեղասպանության մասին քվեարկության պատճառով:
Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ, պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Ժոզեֆ Յունգը Թուրքիայի նման որոշումն «աբսուրդային» է անվանել: «Մեր զինվորներն այնտեղ ՆԱՏՕ-ի հետ են: Նրանք նաև պաշտպանում են Թուրքիան»,- ասել է Յունգը:



