Եթե չեն կարողանում պահել, ապա ճիշտ են անում, որ վաճառում են. Մկրտիչ Մինասյանը՝ համալիրի վաճառքի մասին
INTERVIEW
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը օտարվել է: Նախատեսվում է ստեծել կենտրոն, որն իր մեջ ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:
Մեկնաբանելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքը՝ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը պետք է հիմա քննարկվի, որպեսզի սխալներ չլինեն:
Ըստ նրա՝ դեռ չկա ամբողջական ծրագիր, թե որտեղ ինչ պետք է լինի:
«Ասվում է, որ լինելու են խաղահրապարականեր, ժամանցի վայրեր, բայց դրանք չպետք է խանգարեն Եղեռնի հուշահամալրին: Ես չգիտեմ, թե որտեղ է դա նախատեսված: Հնարավոր է՝ ճանապարհային հատվածի կողմում լինի: Ենթադրյալ նախագիծը մեր ձեռքի տակ չկա: Որ նախագիծն ունենանք, այդ ժամանակ կկարողանանք պատկերացում կազմել»,- նշեց ճարտարապետը:
Հարցին, թե վաճառքի գաղափարին ինչպե՞ս է վերաբերվում, պարոն Մինասյանը պատասխանեց, որ եթե ՀՀ կառավարությունը որոշել է, ապա վաճառքի հետ կապված մնացած հարցերով առանձնապես չի հետաքրքրվում:
«Այստեղ հիմնական հարցն այն է, որ չխաթարվի կառույցի ճարտարապետական ամբողջությունը, որպեսզի վտանգներ չլինեն: Իսկ եթե չեն կարողանում պահել, ապա ճիշտ են անում, որ վաճառում են: Պետք է վաճառել, որպեսզի ավելի լավ ադմինիստրատոր գա և կարողանա կազմակերպել: Ամբողջ աշխարհն է այդպես անում: Կարևորը՝ չփոխել կառույցի ֆունկցիոնալ նշանակությունը և աղավաղումներ չանել»,- եզրափակեց ճարտարապետների միության նախագահը:
Լևոն Փանոսյան




















































