Չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը հետախուզվում է
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքները: Միջոցներ են ձեռնարկվում երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող 36-ամյա Ալեն Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 28-ին որոշում է կայացվել Ալեն Հովհաննիսյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 244-րդ հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, 2015թ. հուլիսի 23-ին` ժամը 12:45-ին, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 4 անձ մահացել է, 3-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Կապանի 36-ամյա բնակիչ Ալեն Հովհաննիսյանը Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում իր կողմից վարած «Մերսեդես-Բենց E320» ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև՝ ձախ կողնակ և բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը՝ Ս. Պողոսյանը, ուղևորներ Ա. Գասպարյանը, Ք. Գասպարյանը և 4-ամյա Մ. Ալեքսանյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները՝ Գ. Գասպարյանը, Ա. Ալեքսանյանը և Հ. Ալեքսանյանը, տարբեր աստիճանի մարմնական վնա սվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:



