Ե՞րբ է ավարտվելու «Քարե դարդն» ու ի՞նչ փոփոխություններ են սպասվում նոր եթերաշրջանում
LIFE
Blognews.am-ը գրում է.
«Քարե դարդ» սիթքոմը շուտով կավարտվի։ BlogNews-ը սիթքոմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանի հետ զրուցել է այս եթերաշրջանի ավարտի և նոր եթերաշրջանում փոփոխությունների մասին։
«Քարե դարդի» երկրորդ եթերաշրջանը կավարտվի հուլիսի 7-ին՝ 24-րդ մասով։ Վաչեի խոսքով՝ վաղվա սերիայում հեռուստադիտողներին հետաքրքիր անակնկալ է սպասվում. «Ռեփի սերիա է, ամառային թեթև գործ ենք արել, որը նաև առանձին կլիպի տեսքով ենք թողարկելու։ Ռեփերներից որևէ մեկի հետ չենք համգործակցել։ Ես եմ կատարում, մյուս հերոսները ևս ներգրավված են»։
Վաչեն հայտնեց, որ «Քարե դարդը» կունենա նաև երրորդ եթերաշրջան, որի մեկնարկը կլինի հոկտեմբերին։ Վաչեն նշեց, որ այս պահին հստակ չի կարող խոսել դերասանական կազմում փոփոխությունների մասին։ Այս եթերաշրջանում Էմիլ Գալստյանի մուտքը սվիններով ընդունեց հեռուստադիտողների կողմից, սակայն Վաչեն նշեց, որ հաջորդ եթերաշրջանում Էմիլը շարունակելու է խաղալ սիթքոմում։
«Նա շնորհաշատ երիտասարդ է և կարծում եմ՝ բավականին հետաքրքիր է նայվում։ Սվիններով ընդունելու փաստը պայմանավորված էր միայն Արմուշի բացակայությամբ, որովհետև մարդիկ ակամայից համեմատում են դերասաններին։ Քանի որ Արմուշն արդեն երկրորդ սեզոնն էր ներկայանում, կերպարն արդեն սիրված էր, դրամատուրգիայի առումով էլ հանգուցային նշանակություն ուներ։ Մարդիկ համեմատում էին և ասում՝ ինչո՞ւ է գնացել մեր սիրելի կերպարը։ Եթե Արմուշը չգնար, ուղղակի ավելանար Էմիլի կերպարը, համոզված եմ՝ բոլորը սիրելու էին նրան և միայն դրական էին ընդունելու»,- ասաց Վաչեն։ Նա հույս հայտնեց, որ նոր եթերաշրջանում կվերադառնա նաև Արմուշի կերպարը։ «Արմուշը դուրս չի եկել սիթքոմից, նրա բացակայությունը պայմանավորված է հանգամանքներով։ Ես մեծ հույսեր ունեմ, որ նա կվերադառնա։ Մենք ամեն օր սպասում ենք նրա բարի վերադարձին»։
Յուրաքանչյուր հաջորդ եթերաշրջանն առավել պատասխանատու է դառնում նախագծի ստեղծագործական թիմի համար, քանի որ պետք է չհիասթափեցնել հեռուստադիտողներին։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի երրորդ եթերաշրջանն ավելի լավը լինի։ Երկրորդ եթերաշրջանը մեզ համար լի էր փորձություններով։ Մյուս եթերաշրջանի համար մոտ 3 ամիս ժամանակ ունենք, որպեսզի լավ պատրաստվենք։ Արձակուրդը եթերային է լինելու, սակայն մենք աշխատելու ենք, որպեսզի մեր լսարանին ներկայանանք նոր, ավելի հետաքրքիր ձևով»,- եզրափակեց նա։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի




















































