Ջրափրկարարների հատուկ ջոկատը ծառայություն է իրականացնում վեց կետում
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատն այս տարվա հունիսի սկզբներից ծառայություն է իրականացնում հանրային երեք լողափերում եւ 3 հանգստյան գոտիներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Արմեն Ճզմաչյանը,ծառայությունն իրականացվում է երեք հանրային լողափերում, Սեւանի թերակղզու հանգստյան գոտու տարածքում, Լճափ համայնքի ափամերձ հատվածում եւ Ծովինար համայնքի տարածքում, որտեղ տեղակայվում է պատաանի երկրապահների ամառային ճամբարը:
«Մարտունու ջրափրկարարական կետն աշխատում է Մարտունու հրշեջ-փրկարարների հետ համատեղ: Սեւանի կենտրոնական կայանը, որտեղ գտնվում է ջրափրկարարական ջոկատը, հանրությանը ծառայում է 24 ժամ, իսկ հանրային լողափերում հսկողությունն ու փրկարարական աշխատանքները կատարվում են առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 21-ը»,-նշեց Արմեն Ճզմաչյանը:
Ջրափրկարարական ջոկատը ծառայությունն իրականացնում է հիմնականում դիտարկման եղանակով՝ բարձր աշտարակների վրայից՝ հեռադիտակների օգնությամբ, ինչպես նաեւ մոտորանավակներով պրոֆիլակտիկ շրջայցեր են կատարվում լողափերում: Ջրափրկարարների ջոկատում ծառայում են 33 փրկարար, իսկ ջոկատը սպասարկում է նաև ՀՀ մյուս մարզերի ջրափրկարարական կանչերը:



