Ճապոնիայում ավելի քան 170 հազար մարդու հանձնարարված է տարհանվել տեղատարափների պատճառով
SOCIETYՃապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզում ավելի քան 170 հազար մարդու հունիսի 22-ին հանձնարարված է տարհանվել հեղեղումների եւ սողանքների սպառնալիքի պատճառով, որոնք առաջացել են տեւական տեղատարափ անձրեւների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է NHK հեռուստաալիքը:
Հանձնարարականները վերաբերում են Ֆուկուոկայի, Նագասակիի պրոֆեկտուրաների մի քանի շրջանների, ինչպես նաեւ Կումամոտոյին, որն ապրիլի կեսին տուժել է մի շարք ուժգին երկրաշարժերից: Բնակիչների համար հատուկ տարհանման կետեր են կազմակերպվել դպրոցների եւ տեղական վարչակազմերի շենքերում:
Կյուսյու կղզում սաստիկ անձրեւները շարունակվում են արդեն երրորդ օրը: Առանձին շրջաններում տեղումների ինտենսիվությունը կազմում է ժամում 100 միլիմետր, իսկ առանձին պահերի այդ ցուցանիշը հասել է ժամում 150 միլիմետրի: Վերջին օրերին սողանքների եւ հեղեղումների հետեւանքով Ճապոնիայի հարավ-արեւմուտքում զոհվել է վեց մարդ: Տարերքի հարվածը հանգեցրել է նաեւ տրանսպորտային խնդիրների. կղզում խախտված է գնացքների երթեւեկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



