Հանրաքվեից երկու օր առաջ բրիտանացիների կարծիքները կիսվել են ԵՄ-ին Թագավորության անդամակցության շուրջ
INTERNATIONAL NEWSՀասարակական կարծիքի երկու հարցումները, որոնք Մեծ Բրիտանիայում հրապարակվել են Եվրամիությանը երկրի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեից երկու օր առաջ, տրամագծորեն հակառակ պատկերն են ներկայացնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես վկայում է The Daily Telegraph թերթի համար ORB ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտությունը, Բրյուսելի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների թիվը կազմել է 53 տոկոս: Հակառակ տեսակետն ունի հարցվածների 46 տոկոսը:
Այսպիսով, եվրասկեպտիկները կորցրել են առաջատարի դիրքը, որը նրանք ունեին նախորդ հարցման արդյունքում, որը հրապարկվել էր հունիսի 13-ին: Այն ժամանակ 1 տոկոսի առավելություն ունեին Brexit-ի կողմնակիցները:
Հունիսի 21-ին երկու ճամբարների միջեւ տարբերությունը հասավ 7 տոկոսի: Հրատարակությունն ընտրողների նախապատվությունների այդչափ նկատելի փոփոխությունը կապում է Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Ջո Քոքսի սպանության հետ, որը կատարվել է հունիսի 16-ին: Աջ արմատական գործազուրկի ձեռքով 41-ամյա քաղաքական գործչի մահը, որը հանդես էր գալիս ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության օգտին, ցնցեց երկիրը, ինչը եւ արտացոլվեց կիրակնօրյա հարցումներում: Դրանք ցույց տվեցին, որ եվրասկեպտիկները կորցրել են առաջատարի դիրքը:
Մինչդեռ Times թերթի համարYouGov ընկերության կողմից պատրաստված մեկ այլ ուսումնասիրություն վերստին ցույց է տվել Brexit-ի կողմնակիցների առաջատարությունը. հարցվածների 44 տոկոսը մտադիր է հունիսի 23-ի հանրաքվեում քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին: Եվրաինտեգրացման ջատագովների թիվը կազմում է 42 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



