Սևանը և Իտալիայի Ավիլիանա քաղաքը դարձան քույր քաղաքներ
POLITICSԻտալիայի Ավիլիանայի քաղաքապետարանում հունիսի 18-ին տեղի է ունեցել Սևանի և Ավիլիանա քաղաքների միջև համագործակցության արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոն, Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Ավիլիանայի քաղաքապետարանի անդամներ և Ավիլիանայի բնակիչ Կարեն Քէօքճեանը, ով դեռ 2008թ.-ին հանդես էր եկել նման նախաձեռնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ավիլիանայիքաղաքապետ Անջելո Պատրիցիոն նշեց,որ «երկու փոքր քաղաք մեծ ու կարևորգործ են կատարել՝ իրենց ներդրումը բերելով հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացմանը»:
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն իր ելույթում ընդգծեց ապակենտրոնացված համագործացկության նշանակալի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ այդ առումով մեծապես կարևորելով երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հաստատմանն ուղղված այս քայլը: Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց երկու քաղաքապետներին, ինչպես նաև Կարեն Քէօքճեանին՝ այս գործում ունեցած ավանդի ու դրսևորած նվիրումի համար:
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իր ելույթում անդրադարձավ Սևանի և Ավիլիանայի միջև շփումների և համագործակցության պատմությանը, Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոյի՝ 2014թ. Սևան կատարած այցելությանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին:
Այնուհետև Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի և Ավիլիանայի Լճերի Սբ Աստվածամոր տաճարի կաթոլիկ քահանա հայր Էցիոյի կողմից անցկացվեց Սևանի քաղաքապետարանի նվիրված և Ավիլիանայի մատուռին կից տեղակայված հայկական խաչքարի օծման արարողությունը»:



