Վլադիմիր Բարխոյանը` իտալական Chorus Inside Summer 2016 մրցույթում տարած հաղթանակի մասին
PHOTO
Հունիսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իտալական Կիետի քաղաքի Մարուչինո պատմական օպերային թատրոնում կայացել է Chorus Inside Summer 2016 մեներգիչների եւ երգչախմբերի վոկալի միջազգային մրցույթը, որտեղ մասնակցել է նաեւ Վլադմիր Բարխոյանը: Երգիչը մրցույթից վերադարձել է հաղթանակով.
«Մրցույթին մասնակցում էին 70-ից ավել մեներգիչներ եւ 20-ից ավել երգչախմբեր աշխարհի տարբեր երկրներից` Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլն: Մեներգիչները մրցում էին վոկալային 4 նոմինացիաներում` ջազ-էստրադային, ակադեմիական ֆոլկ եւ հեղինակ կատարող: Ես մասնակցել եմ ջազ-էստրադա նոմինացիայում»,-նշեց Վլադիմիրը, որը մրցույթին կատարել է Առնո Բաբաջայանի Твои Следи ստեղծագործությունը եւ Ալեսանդրո Սաֆինայի երգացանկից Luna Tu երգը:
«Մրցույթի միջազգային ժյուրիի որոշմամբ` իմ նոմինացիայում արժանացել եմ ոսկե մեդալի եւ գավաթի: Բացի ինձանից մրցույթին Հայաստանից մասնակցում էին նաեւ երգչուհիներ Մարինե Գրիգորյանը, Սիրանուշ Խաչատրյանը, Գայանե Սահակյանը եւ Ռուզաննա Գրիգորյանը, որոնք մրցում էին Ակադեմիական վոկալի նոմիանցիայում: Նրանք եւս ոսկե մեդալների են արժանացել: Ուզում եմ նշել, որ մրցույթին մեզ ներկայացրել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան, որի նախագահը Արման Ղուկասյանն է»:
Բացի մրցութային համերգից` այդ օրերին Իտալիայի տարբեր քաղաքներում կազմակերպվել են նաեւ այլ համերգներ, որոնցից երգիչը, հատկապես, առանձնացրեց Լանչիանո քաղաքի Cattedrale Madonna Del Ponte տաճարի եւ Հռոմի պանթեոնի համերգները.
«Երկու համերգներին էլ հայ երգիչներով մասնակցեցինք եւ կատարեցինք բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործութուններ: Ես երգեցի Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը: Մրցույթ-փառատոնը եզրափակվեց տոնական մեծ շքերթով, որին մեր պատվիրակությունը ներկայացավ Հայաստանի եւ Արցախի պետական դրոշներով»:
Աղբյուրը` NEWS.am STYLE




















































